ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնը հունվարին հարկային օրենսդրության վերաբերյալ ստացել է 13 850 հարց, իսկ մաքսային օրենսդրության վերաբերյալ` 3 040:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ ամսվա ընթացքում ստացված հարցումների ամփոփման արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիներին հետաքրքրել են առավելապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների ներկայացման ժամկետները եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները:
Մաքսային ոլորտին առնչվող հարցերի զգալի մասը վերաբերել է առանց մաքսային վճարների գանձման փոստային առաքմամբ ապրանքների ներմուծման չափաքանակին, ինչպես նաեւ` արտերկրից 30կգ-ից ավելի քաշ ունեցող ծանրոցի ստացման դեպքում նախատեսվող վճարումներին:
Իսկ ամենաքննարկվող հարցը վերաբերել է 2016թ. ընթացքում իրացման շրջանառության` 115 մլն դրամը գերազանցելու դեպքում 2017-ին ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտությանը:
Ի պատասխան տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1501-Ն որոշման համաձայն` միասնական հայտարարություն չեն ներկայացնում այն անձինք, որոնց նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում եւ (կամ) ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված իրացման եւ (կամ) ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը գերազանցել է 115 մլն դրամը, եւ նրանք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա համար հարկային մարմին ներկայացրած շահութահարկի հաշվարկում կամ եկամտային հարկի տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված իրացման շրջանառությունը գերազանցել է 115 մլն դրամը:




























