ԱՄՆ-ում մուսուլման ակտիվիստները ավելի քան 90 հազար դոլար են հավաքել Միսսուրիում հրեական գերեզմանոցի վերականգնման համար, որն ավերել էին վանդալները: Նվիրատվություններ են կատարել ավելի քան 3 հազար մարդիկ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արշավը մեկնարկել էին 2 մուսուլման ակտիվիստներ՝ Լինդա Սարսուրը եւ Թարիք Ալ-Մեսիդին: Սարսուրը մուսուլմանների իրավունքների համար է պայքարում, որը վերջերս Թրամփի դեմ կանանց քայլերթի կազմակերպիչներից մեկն էր, նա հանդես է գալիս նաեւ պաղեստինցիների նկատմամբ վարվող Իսրայելի քաղաքականության քննադատությամբ:
Ակտիվիստները ծրագրել էին գումարը հավաքել մինչեւ մարտի 20-ը: Գերեզմանոցի վերականգնումից հետո մնացած միջոցները նրանք խոստանում են ուղղել վանդալներից տուժած հրեական այլ կենտրոնների վերականգնմանը:
Սենթ Լուիսի արվարձանում գտնվող գերեզմանոցի վրա հարձակվել են երկուշաբթի երեկոյան: Վանդալները վնասել են ավելի քան 170 շիրմաքարեր: Գերեզմանոցը ավելի քան 100 տարվա պատմություն ունի
Ոստիկանությունը հարձակման փաստով հետաքննություն է կատարում: Միսսուրիի ոստիկանությունից հայտնել են, որ դեռեւս կասկածյալներ չկան: Հրեական կենտրոններին ուղղած սպառնալիքների քննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն:




























