«WC-135 Constant Phoenix  օդանավն ուղարկվել է Եվրոպա ՝ ճառագայթման մակարդակը չափելու, քանի որ այնտեղ ճառագայթման խորհրդավոր բռնկումներ են գրանցվել», գրում է Independent–ը։ Ամերիկյան WC-135 Constant Phoenix ռազմական օդանավ վայրէջք է կատարել բրիտանական ՌՕՈՒ բազայում՝ Սուրեյ կոմսությունում։

Որոշ տվյալներով ամերիկյան օդանավը հիմա ուղեւորվում է Նորվեգիա։

Այդ օդանավը ունակ է օդում հայտնաբերել ու նույնականացնել միջուկային պայթյունների հետքերը, նաեւ ֆիքսել միջուկային վթարներից հետո ճառագայթման մակարդակը։

ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցիչը The Aviationist պարբերականին հայտնել է, որ օդանավը Եվրոպայում է «պլանավորված տեղակայման շրջանակում»։ «WC-135-ը շտատային ռեժիմով առաքելություն է իրականացնում ամբողջ աշխարհում ու մենք մտադիր չենք այդ մասին մանրամասներ հայտնել»,ասել է աղբյուրը ։

Հիշեցնենք, որ վերջերս Եվրոպայում՝ մասնավորապես Նորվեգիայում, հայտնաբերվել է «Յոդ 131» ռադիոակտիվ նյութ, այն հետագայում սկսել է տարածվել նաեւ Եվրոպայի մյուս տարածքներում։ Դեռ հասկանալի չէ, թե որն է այդ նյութի տարածման աղբյուրը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ «յոդ 131»-ը սկսել է տարածվել Նորվեգիայի հյուսիսային մասից, որտեղ Ռուսաստանը կարող էր գաղտնի միջուկային փորձարկում իրականացնել։