Քեմբրիջի բնակիչ պրոֆեսոր Կարլ Բադենին անվանում են «սելֆիի ակամա կնքահայրը»։ Արդեն 30 տարի է նա ամեն օր լուսանկարում է իրեն։ Նա արդեն 11 000 ինքնադիմանկար ունի, հիմնականում սեւ- սպիտակ։ Այդ 30 տարիներին միակ օրը, երբ նա իր «հիմար մոռացկոտության» պատճառով չի լուսանկարվել՝ 1991-ի հոկտեմբերի 11-ն է եղել, հայտնում է AP-ը։
64-ամյա Բադենի խոսքով այս լուսանկարները նրա համա յուրատեսակ ծիսակարգ են։ «Ինչպես ատամներ լվանալը․․․Բայց այն ինձ համար առանձնահատուկ իմաստ ունի»,- ասում է նա։ Բադենը խոստովանում է, որ եթե սելֆիի հանդեպ ժամանակակից մոլուցքը չլիներ՝ նրա «Ամեն օր» նախագիծը այդպես էլ կմնար «սեղանի վրա»։ Բայց հենց սելֆիի հանդեպ ժամանակակից մոլուցքն է պատճառ դարձել, որ նրան հիմա հրավիրում են ցուցահանդեսների Բոսթոնում, Նյու Յորքում ու այլ քաղաքներում։
Իր առաջին լուսանկարը Բադենը արել է 1987-ի փետրվարի 23-ին։ Նա ձգտում է իր լուսանկարներում նույն տեսքն ունենալ՝ բեղ կամ մորուք չի աճեցնում ու նույնիսկ սանրվածքը չի փոխում։
Նա իր ծիսակարգին հավատարիմ է մնացել նույնիսկ այն ժամանակ, երբ քիմիաթերապիա էր անցնում։ Այդ լուսանկարներում նա իհարկե զգալիորեն հյուծված տեսք ունի։ Այդուհանդերձ, մի քանի տարի անց նա ապաքինվել է ու վերականգնել նախկին տեսքը, միակ փոփոխությունը ունքերն են, որոնք այդպես էլ չեն աճել։




























