Վերջին մեկ շաբաթում պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ ԱԺ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ոմանք, որոնք գործարարներ են, իրենց ենթակայությամբ աշխատող անձանցից պահանջում են իրենց հաշվառման վայրերից դուրս գալ եւ ընդգրկվել տվյալ թեկնածուի ընտրական տարածքի ցուցակներում: Այս մասին աօսր՝ փետրվարի 25-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Էլք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը:

Նա առաջարկեց ԿԸՀ-ին ԿԸՀ-ն հանդես պարզաբանմամբ եւ ընտրողներին ասել, թե ինչպես կարող են նրանք պաշտպանել իրենց իրավունքները, մասնավորապես, այդ անձինք, որոնց կպարտադրվի փոխել գրանցման վայրը,  կարո՞ղ են օգնության համար դիմել ԿԸՀ:

«ԿԸՀ-ն պետք է հայտարարի, որ ընտրողի ազատ կամարտահայտությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է եւ մարդիկ կարող են դիմել ԿԸՀ՝ իրավական օգնության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը գրանցված թեկնածուների մասին է:

Ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ըստ ընտրական օրենսգրքի «այլ համայնքում գրանցված ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ քան 10 օր առաջ լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում են դիմում, ընտրողների ցուցակից ժամանակավոր դուրս գալու մասին՝ նշելով քվեարկության օրը գտնվելու հասցեն»: Լիազոր մարմինը, ըստ նրա, եռօրյա ժամկետում ընդգրկում է այդ ընտրողին քվեարկության օրը գտնվելու հասցեում:

Ավելի վաղ «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը Հայաստանում  յոթ հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը: «Հայաստանում տեղի են ունենում ընտրողների զանգվածային տեղաշարժեր: Հարցումով դիմել էի ՀՀ ոստիկանությանը, պարզելու համար, թե 2017թ. հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 10-ը քանի ընտրող է փոխել հաշվառման վայրը: Մեկ ամսվա ընթացքում հաշվառման վայրը փոխել է ՀՀ ավելի քան 7000 քաղաքացի: Մարդկանց զանգվածաբար մի հաշվառման վայրից մյուսն են տեղափոխում, որը քաղաքական նշանակություն ունի եւ այն պետք է վերահսկողության տակ պահել»,-նշել էր նա: