Ամբողջ աշխարհը, շունչը պահած, հետեւում է ԱՄՆ նոր նախագահի ասածներին ու որոշումներին։ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը վերլուծում են նաեւ հոգեբուժության ոլորտի մասնագետները։ Նյարդաբան ու հոգեբույժ Կարլ Յոահիմ Ցանդերը – գերմանական Focus ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտ է Թրամփի համար հոգեբանական օգնության հատուկ ծրագիր մշակել։
ԱՄՆ պատմության մեջ, ասում է պրոֆեսորը, եղել են նախագահներ, որոնք տառապել են այս կամ այն հոգեկան հիվանդությունից , բայցեւայնպես «պիտանի են ճանաչվել նախագահական պաշտոնի համար»։ «Օրինակ Լինքոլնը ծանր դեպրեսիաներով էր տառապում, իսկ Թեոդոր Ռուզվելտը ամենայն հավանականությամբ հոգեկանի երկբեւեռ խանգարում ուներ»։
«Թրամփոլոգիայի» ոլորտի մասնագետները համամիտ են, որ Թրամփը կարող է ունենալ հոգեկան շեղումներ՝ օրինակ հակում նարցիսիզմի հանդեպ։ «Ճիշտ է , նարցիսիզմը կարող է եւ մեղմ ձեւով դրսեւորվել, մարդու վրա դրական ազդեցություն թողնել ու նույնիսկ նպաստել հաջողությանը։ Սակայն նարցիսիզմի դրսեւորման նման առանձնահատկությունները շրջապատի համար միշտ էլ անհարմար են։ Մտավախություններ ունեմ, որ Թրամփի դեպքում մենք գործ ունենք նարցիսիզմի հետ, որը կարող է եւ ավելի վտանգավոր բանի վերածվել՝ Թրամփը հավատում է, որ կարող է կառավարել ԱՄՆ-ն, այնպես ինչպես իր բիզնեսը։ Ու նա դա չի կարողանա։ Ես համարում եմ, որ Թրամփը հիմա արդեն հասել է սահմանային վիճակին։ Ես նրա մոտ չեմ նկատում անձի հակասոցիալական խանգարման նշաններ, բայց կարող եմ արձանագրել համարժեք սոցիալական վարքագծի խանգարումներ»,- նկատում է պրոֆեսոր Ցանդերը։
Թրամփը, ըստ հոգեբույժի, շատ դյուրագրգիռ է։ Նրա նարցիսիզմը արագ վերածվում է բարկության, ագրեսիայի ու բոլորի ու յուրաքանչյուրի հետ դատվելու ցանկության։ Հիմա նա հարձակվում է դատավորների կամ լրատվամիջոցների վրա, իսկ առաջ, լինելով գոծարար, նա մոտ 3500 դատական հայց էր ներկայացրել։ Նարցիսիզմին հակված մարդը, ըստ էության հակում ունի նաեւ հիստերիաների հանդեպ։ Հիմա Թրամփի հոգեկան խնդիրներն արատահայտվում են նրա անհեթեթ արտահայտություններում, հորինած փաստերում ու ստում։ Նա իր շուրջը բոլորին հիմար է համարում։ Դա մեծամտության մոլուցք է, որը դատապարտված է անհաջողության։ Կարծում եմ նա չորս տարի չի դիմանա նախագահի պաշտոնում»,-գնահատում է հոգեբույժը։
«Նա համարում է որ կարող է իրեն թույլ տալ չվերահսկել իր ասածներն ու արարքները։ Թրամփը վստահ է, որ սեքսուալ է, ավելին՝ բազմաթիվ կանայք նրա վարքագիծն իրոք էրոտիկ են համարում»։
Ցանդերի խոսքով, Թրամփին շտապ անհրաժեշտ է մասնագիտական օգնության։ «Սակայն նա այն տեսակին է պատկանում, որոնք հոգեբույժներին համարում են հիմար ու անօգուտ»,- ասում է մասնագետը։ «Բայցեւայնպես ես համարում եմ, որ Թրամփին օգնել պետք է, հակառակ դեպքում Ամերիկայ ի վիճակը օրեցօր կվատանա։ Ես արդեն ունեմ առաջին ամերիկացի պացիենտը , որը Թրամփի պատճառով հեռացել է ԱՄՆ-ից»,- ամփոփում է պրոֆեսորը։


























