ԱՄՆ նախագահն ու առաջին տիկին Դոնալդ ու Մելանիա Թրամփները հրապարակել են իրենց պատվավոր հյուրերի ցուցակը, որոնք նստած են լինելու առաջին տիկնոջ կողքին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին նախագահի ուղերձի ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նրանց շարքերում է նաեւ Մեգան Քրոուլին։ 15 ամսականում Մեգանի մոտ ախտորոշվել էր 2-րդ տեսակի գլիկոգենոզ։ Բժիշկների կանխատեսումներով Մեգանն ընդամենը մի քանի տարվա կյանք պիտի ունենար։ Ճիշտ դեղը գտնելու ու դստերը փրկելու համար Մեգանի հայրը հիմնել էր Novazyme Pharmaceuticals դեղագործական ընկերությունը։ Այն սկզբում ընդամենը 5 աշխատակից ուներ, իսկ այսօր՝ ավելի քան 100։ Իսկ քսանամյա Մեգանը հիմա սովորում է Նոթր Դամի համալսարանի երկրորդ կուրսում։
Մյուս երկու հյուրերն են Ջեսիկա Դեվիսը ու Սյուզան Օլիվերը։ Նրանք ոստիկանական գործակալ Մայքլ Դեւիսի ու շերիֆի օգնական Դեննի Օլիվերի այրիներն են, քալիֆորնիական ոստիկաններ, որոնք 2014-ին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել են ապօրինի ներգաղթյալի կողմից։ Նրանց անունները հավերժացվել են Դեւիս-Օլիվերի օրինագծում, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը իմիգրացիոն օրենքների կատարելագործման նպատակով։
Հաջորդ հյուրը Դենիշա Մերիուեզերն է։ Լինելով վատ առաջադիմությամբ երեխա ՝ Դենիշան ստիպված էր մի դպրոցից մյուսը տեղափոխվել։ Հետո նա մասնակցել է Florida Tax Credit Scholarship Program ծրագրին ու ստացել կրթաթոշակ։ Դենիշան ընդունվել է մասնավոր դպրոց ու դարձել առաջինն իր ընտանիքում, ով բարձրագույն կրթություն է ստացել։
Կոնգրեսի նիստին հրավիրված է նաեւ Մորին Մաքքարթնի Սքալիան՝ հանգուցյալ գերագույն դատավոր Անտոննին Սքալիայի այրին, 9 երեխաների մայր։
Հրավիրվածներից է նաեւ Ջեմիել Շո – ավագը։ Ջեմիել Շո- կրտսերը իր դպրոցի ֆուտբոլի թիմի աստղն էր։2008-ին նրան սպանել էր ապօրինի միգրանտը, որը հանցավոր խմբավորումներից մեկի անդամ էր։


























