Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փետրվարի 28–ին տեղի ունեցավ աշխարհահռչակ կինոռեժիսոր, տարածական մոնտաժի մեթոդի հիմնադիր Արտավազդ Փելեշյանի «Իմ տիեզերքը եւ դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը։ Ցուցադրվեցին Վարպետի «Մենք» եւ «Կյանք» ֆիլմերը։ Սակայն երեկոյի թերեւս ամենաարժեքավոր պահերից էր, երբ Արտավազդ Փելեշյանն ինքը բեմից զրուցեց հանդիսատեսի հետ։ Վարպետն ասաց, որ չի պատասխանի հանդիսատեսի հարցերին, քանի որ հարցազրույց չի տալիս՝ «դիահերձմանը չի մասնակցում», փոխարենը կիսվեց կյանքի եւ գիտության մասին իր որոշ հետաքրքիր գաղափարներով եւ հիշողություններով։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
«Դեռ սովետական կարգերի ժամանակ կար թերթ՝ Литературная Газета, այնտեղ կար ռուբրիկա, որը կոչվում էր Физики Смеются, այսինքն՝ գիտնականները վերցնում էին արվեստի գործերը եւ քննարկում՝ կինո, կերպարվեստ, երաժշտություն, թատրոն։ Հետո ինձ մոտ առաջացավ հարց, թե ինչու չկա ռուբրիկա՝ Лирики Смеются, որպեսզի արվեստի մարդիկ իրենց հերթին փորձեն գիտության մասին ինչ–որ բան ասել։ Թող գիտնականներն ինձ ներեն, իմ կարծիքով՝ արվեստը ուժեղ բան է եւ առջեւում է գտնվում, որովհետեւ այն, ինչ գիտությունն անում է, դա նույնպես անում է արվեստը։ Բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարողանում անել։

...Մի հիշողություն դպրոցական իմ տարիներից․ 7-րդ, 8-րդ դասարանում էի, դպրոցի տնօրենը հետաքրքիր մարդ էր։ Նա մեզ դաս էր տալիս։ Ես էլ չարաճճի երեխա էի, խանգարում էի դասերին, եւ երեխայի պես նա նեղացել էր ինձանից եւ խռովել։ Չէր խոսում ինձ հետ։ Մատյանը վերցնում էր, ներկա-բացակա անում, հասնում էր իմ ազգանվանը, չէր կարդում։ Էտ ձեւի մարդ էր ․․․
.jpg)
...Հետաքրքիր դպրոց էր, հետաքրքիր ժամանակներ էին, անցան շատ տարիներ, բայց կային երեւույթներ, որոնք մինչեւ օրս ես այդ երեւույթները այսպես եմ գնահատում, ասենք՝ համարում եմ, որ գիտության մեջ անվերջանալի թվեր չկան, վերջանում են թվերը։ Իմ կարծիքով՝ թվերը սկսում են հերթականությամբ մեծանալ, մեծանալ եւ մի կետում անսպասելիորեն, աննկատ կերպով հետ են դառնում՝ նվազելով։ Որտե՞ղ է այդ կետը, ես չգիտեմ։ Դա ի՞նչ ֆորմուլա է, ես չգիտեմ, բայց համոզված եմ, որ թվերն այդպիսի ընդունակություն ունեն՝ զարգանալու ինչ-որ մի չափ, ինչ-որ մի տարածություն, որը երկու անգամ մեծ լինի ինքն իրենից, երբ որ ինքն իր չափ է, բայց ինքը բնականում երկու անգամ մեծ է ինքն իրենից։ Դրա համար ես բերեմ մի օրինակ։ Օրինակը իրականության հետ չի համընկնում, բայց լրիվ պատկերում է իմ մտքերը։ Ենթադրենք 0 զրո պահին ծնվում է մարդը։ Գիծ տանենք, տեսնենք՝ ինչ է կատարվում այս գծի հետ։ Մարդն ապրում է, մի օր, մի ժամ, մի ամիս, մի տարի․․․ գրում ենք, նշում ենք գծի վրա 0+1=x։ Ի՞նչ է կատարվում x-ի հետ այդ պահին՝ x-1: Եթե հինգ ժամ, հինգ տարի է ապրում մարդը՝ 0+5, ի՞նչ է կատարվում x-ի հետ՝ x-5: 50 տարի է ապրում, ի՞նչ է կատարվում x-ի հետ։ 0+50, այնտեղ էլ x-50: Կամ 90 տարի է ապրում եւ մահանում է, այդ կետն է դրված, այդ գծի մեջտեղում է մահացել։ Ի՞նչ է ստացվում։ Մարդն անելով մի քայլ առաջ՝ երկու քայլով կարճացնում է իր ընդհանուր ճանապարհը։ Եթե մարդուն տրված էր 90 տարվա կյանք, այդ սխեմայով ստացվում ա, որ զրո պահին, երբ նա ծնվեց, իր համար ծրագրավորված էր ապրել 180 տարվա կյանք։ Այսինքն, ինքը երկու անգամ մեծ է իրենից, այդ տարածությունը երկու անգամ մեծ է իրենից, այստեղից էլ իմ բանաձեւը՝ 0-ից մինչեւ մահ, եթե նշանակենք R տառով, ուրեմն R=2R: Սա է ֆորմուլան։
.jpg)
...Էյնշտեյնը կյանքի վերջին 30-40 տարին աշխատեց, որ գտնի Դաշտի միասնական տեսության բանաձեւը։ 30-40 տարի նրան դա չհաջողվեց։ Ըստ իս՝ նա թույլ տվեց մի սխալ, որը ես համարում եմ անուղղելի, ինքը մեղք չուներ այդ սխալը գործելու մեջ։ Ո՞րն էր այդ սխալը։ Բոլոր մոլորակները տիեզերքում պլյուս-մինուսով ձգում են իրար։ Եթե մինչեւ վերջ ձգեն, նրանք կբախվեն իրար, կվերջանան։ Դրա համար Էյնշտեյնը ձգողականության բանաձեւի մեջ կոսմոլոգիկ մշտական նշան՝ կոնստանտ։ Դա հեռու էր պահում մշտական ձգողականությունից, բայց 20-ական թվականներին Էդվին Հաբելը հայտնաբերեց մեծ պայթյունը եւ տիեզերքի լայնացումը։ Այդ լայնացման պատճառով Էյնշտեյնը հրաժարվեց իր ձեռքով մտցրած կոնստանտից եւ համարեց, որ իր կյանքի ամենամեծ սխալը դա է եղել, որ ինքը կոնստանտը դրել է։ Բայց ես գտնում եմ, որ իր սխալը ոչ թե նա էր, որ դրել է այդ կոնստանտը, այլ այն, որ նա դրանից հրաժարվեց։ Որովհետեւ Էդվին Հաբելի լայնացող տիեզերքը շփոթեցրեց Էյնշտեյնին եւ նա ստիպված հրաժարվեց իր սեփական գաղափարից։

...Բնության մեջ մինչեւ օրս չի հայտնաբերվել որեւէ բան, որն ավելի արագ լինի լույսի արագությունից։ Գիտնականները փորձում են գտնել ինչ–որ բան, որն արագ է լույսի արագությունից, բայց անհնար է գտնել այդպիսի բան։ Չկա։ Ես համարեցի՝ լույսից արագ է տեսողությունը կամ տեսանելիությունը եւ արտացոլումը, որը ես համարում եմ լույսի արագությունից էլ արագ։ Ես ցանկացա իմանալ, թե ինչ է տեսանելիությունը, ինչից է այն բաղկացած։ Ինտերնետում, գրականությունում չգտա, Դալի բարառանում չգտա, ոչ մի տեղ չգտա։ Կարծես թե մասնագետները խուսափել են այդ հարցի պատասխանից։ Բոլորը ասում են՝ աչքի եւ ուղեղի ընդունակության մասին, որ տեսնում են, բայց հարցս դրա մասին չէ։ Հարցս սա է․ տեսանելիությունը ինչի՞ց է բաղկացած։ Ի՞նչ է իրենից ներկայացնում․ նյութակա՞ն է, թե՞ ոչ նյութական։ Ես դրա անունը դրեցի բիոիմպուլս, որ հաստատ լույսի արագությունից արագ է, եւ մտքից էլ է արագ։ Այնքան արագ, որ մի ակնթարթում մինչեւ երկու անգամ հատում է տարածությունը՝ այնտեղից այստեղ եւ այստեղից այնտեղ»։


































