Մալազիայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայր Կիմ Չեն Նամի սպանության գործով մեղադրանք են առաջադրել ավելի վաղ ձերբակալված երկու կանանց: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեղքը հաստատվելու դեպքում Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացի Սիթի Այշեին եւ Վիետնամի 28-ամյա քաղաքացի Դոան Թհի Հուոնին մահապատիժ է սպառնում:  

AFP-ի փոխանցմամբ՝ Դոան Թհի Հուոնի փաստաբանը դատարանի դահլիճում հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի համարում:

Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Կուալա Լումպուրի օդանավակայանում: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու կանայք մոտենում տղամարդուն ու հարձակվում նրա վրա, այնուհետեւ փախուստի դիմում: