Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի շուկայում: Այս մասին նշվել է փետրվարի 28-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, եւ հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու եւ ընդլայնելու նպատակով  կքննարկի  հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի եւ սերմացուի սուբսիդավորման հարցը:

Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, եւ հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել  Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:

Մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ եւ ցանքատարածությունները կհասնեն մինչեւ 1000 հեկտարի: