Գյուղացիների սուբսիդավորման համար սելիտրան 2017-ին Հայաստան կներմուծեն 2 ընկերություններ: Մարտի 1-ին՝ խորհրդարանում կառավարական ժամին այս մասին հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին:
Նախապես ներմուծման հայտ էին ներկայացրել 3 ընկերություն: Դրանցից մեկը՝ «Բարան գրուպը», որն Իրանից էր ներմուծում, մատակարարումներից հրաժարվեց: Մնացին երկու ընկերություններ՝ ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ ագրոխիմցենտրը» եւ հայկական «Մասիսի պտղաբերությունը»:
Առաջինը կներմուծի 50-կիլոգրամանոց պարկը 7 հազար դրամ գնով, երկրորդը՝ 6580 դրամով (քանի որ նախկինում մատակարարաներին կանխավճար է վճարել):
Անկախ մրցութային գներից՝ գյուղացիների համար վերջին գինը կկազմի 6 հազար դրամ:
Նա հիշեցրեց, որ մրցակցության մեխանիզմների շնորհիվ պարարտանյութերի մրցույթների ժամանակ գնման վրա հաջողվել է տնտեսել մոտ 1,2 մլրդ դրամ (մոտ 2,45 մլն դոլար – խմբ.):


























