ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նախագահական ընտրություններից առաջ 2 անգամ հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարությունում աղբյուրներին:
Հանդիպումները տեղի են ունեցել 2016 թվականի հուլիսին եւ սեպտեմբերին, երբ Սեշնսն աշխատել է Սենատի զինված ուժերի կոմիտեում: Ըստ որում՝ սեպտեմբերին նա Կիսլյակին իր աշխատասենյակում է ընդունել:
Հունվարին, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազի պաշտոնում Սեշնսի թեկնածությունն է առաջադրել, նրան Սենատ են կանչել հաստատելու: Սեշնսին հարցրել են՝ տեղյա՞կ է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ Թրամփի շտաբից որեւէ մեկի շփումների մասին, ինչին Սեշնսը պատասխանել է, որ տեղյակ չէ:
Լրացուցիչ հարցին՝ ինքն անձամբ նախընտրական շրջանում ընտրությունների առիթով Ռուսաստանից որեւէ մեկի հետ զրուցել է, պատասխանել է՝ «ոչ»:
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին արդեն հայտարարել է, որ Սեշնսը երդվելով ստել է, եւ նրան կոչ է արել հրաժարական տալ:
Սեշնսը The Washington Post-ի հրապարակումից հետո ասել է, որ «երբեք չի հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկելու նախընտրական արշավի մանրամասները»: «Ես պատկերացում չունեմ, թե նրանք ինչի մասին են գրում»,- հավելել է գլխավոր դատախազը:



























