Մասիսում մարտի 1–ին տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը պարզվել է. կասկածյալը ձերբակալվել է:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 1-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի թափանցող վնասվածք» մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արարատի մարզի 24-ամյա բնակիչը:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու պատճառները, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Ա.Հայրապետյանը՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ: Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել։
Հաշվի առնելով դեպքի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ դանակահարությամբ ավարտված վիճաբանությունն ունեցել է կենցաղային շարժառիթ։
Փետրվարի 28-ին հնչեցված հայհոյանքի համար տուժողը հանդիպել է կասկածյալին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որի ժամանակ բռունցքով հարվածներ են հասցվել կասկածյալին։ Առաջացած քաշքշոցի ժամանակ դանակի մեկ հարված է պատճառվել տուժողին։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել ականատես վկաներ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ դանակահարվածը ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանն է, որին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողը իր շտաբի պետն է:




























