ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գյումրիում մայր եւ որդի Հակոբյանների սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 37-ամյա կնոջը՝ տուժողներին դեպքի վայրում վտանգի մեջ թողնելու, հանցագործությունը պարտակելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը եւ նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս:
Դեպքի վայրի զննությամբ՝ Գյումրի քաղաքի 228/268 տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936թ. ծնված Սիրիկ Հակոբյանի եւ 1960թ. ծնված Սարգիս Հակոբյանի դիակները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ վերջիններիս մահը հետեւանք է նրանց նկատմամբ կիրառված բռնության:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաեւ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գ.Խաչանյանը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվալ առ այն, որ 2016թ. հունիսի 17-ին Գ.Խաչանյանն ընկերուհու՝ Ա.Ենոքյանի հետ հյուրընկալվել է Սարգիս եւ Սիրիկ Հակոբյաններին, միասին հաց են կերել եւ գործածել ոգելից խմիչք: Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Ս.Հակոբյանի եւ Գ.Խաչանյանի միջեւ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Գ.Խաչանյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016թ. հունիսի 24-ին Գ.Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում՝ Հակոբյանների սպանությունը պարտակելու եւ նրանց վտանգի մեջ թողնելու համար 2017թ. փետրվարի 25-ին Ա.Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի եւ 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:



























