2017 թվականի մարտի 2-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն` 2017 թվականին եւս ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, ո մինչեւ 2017 թվականի ապրիլի 1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաեւ 2017թ. հունվար, փետրվար եւ մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի  1 տարին լրանում է 2017թ. փետրվարին, մինչեւ ապրիլի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաեւ մարտ ամսվա համար:

2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացրած բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձեւավորվում է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ եւ 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան  միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ը անմիջապես վճարվող գումարն է,  մյուս  500 000 դրամը, որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ: