ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երեւանի Բուռնազյան 29 հասցեում հաշվառված Լյովա Բոզիկյանի հայտարարության հետ կապված, ըստ որի իր հետ այս հասցեում գրանցված են եւս 11 հոգի, մինչդեռ այդ հասցեում պետք է գրանցված լիներ միայն ինքը: Ըստ այդ, Բուռնազյան 29 հասցեում գրանցված են նաեւ իր հարազատները, սակայն նրանք երկար ժամնանակ է ստացել են այլ պետության քաղաքացիություն եւ ներկայումս ՀՀ քաղաքացիներ չեն։ Այս մասին գրել էր «A1plus.am»-ը:
Ոստիկանության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«Ըստ Լյովա Բոզիկյանի սուբյեկտիվ դատողության՝ «գրանցել են, որ շատ թվաքանակ ունենան ընտրությունների հետ կապված, այստեղից այնտեղ, էնտեղից էնտեղ տեղափոխեն, Էդ ա մեր հայկական ձեւը՝ կարուսելը»։
ՀՀ ոստիկանության կողմից ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետեւյալը:
Երեւան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեով գրանցված է երկու միավոր անշարժ գույք: Գույքային միավորներից մեկը գրանցված է Գրիգոր Լյովայի Մանուկյանի անվամբ` 15.02.2010թ. նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ մյուս գույքային միավորը ձեւակերպվել է 1960թ. տեխնիկական անձնագրով` 3 անձանց անվամբ (Աստղիկ Պետրոսյան, Զաուր Մխիթարյան եւ Աբրեգ Մխիթարյան):
Լյովա Բոզիկյանի անվամբ Երեւան քաղաքի Բուռնազյան փողոց, տուն 29 հասցեի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չէ:
Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն ներկայումս հաշվառման մեջ գտնվող անձանցից Երեւանի քաղաքի Բուռնազյան 29 հասցեում առաջին հաշվառումն իրականացվել է 1969թ.-ին, իսկ վերջինը՝ 2014թ., ում 18 տարին դեռ չի լրացել եւ ընդգրկված չէ ընտրողների ցուցակներում:
Ինչ վերաբերում է այլ անձանց կողմից ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու հայտարարությանը, այն ընդամենը հայտարարություն տարածողի սուբյեկտիվ դատողության արդյունք է: Այլ պետության քաղաքացիություն ստանալը դեռեւս հիմք չէ անձի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար:
«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով, իսկ 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերը լուծում է Հանրապետության Նախագահն իր հրամանագրով:
Այն անձինք, որոնց ՀՀ քաղաքացիությունը դադարեցված է օրենքով սահմանված կարգով, նրանց տվյալներն ընդգրկված չեն ընտրողների ցուցակներում:
Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրից հետո ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը անձի անձնագիրն անվավեր է ճանաչում ավտոմատ եղանակով, նույնիսկ եթե վերջինս չի ներկայանում վարչություն անձնագիրը հանձնելու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցված լինելու տեղեկանք ստանալու համար:



























