Հունաստանը Համաշխարհային բանկից 3 մլրդ եվրո է խնդրել երկրում գործազրկության բարձր մակարդակի հետ կապված վիճակը կարգավորելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության ներկայացուցիչներին եւ ՀԲ-ի մեկնաբանությունները:
Հունաստանի իշխանությունները ծրագրել են ՀԲ-ից ստանալիք փողերն ուղղել առաջիկա 3 տարիներին մոտ 100 հազար աշխատատեղերի ստեղծմանը: Սակայն պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ Հունաստանի համար դժվար կլինի ՀԲ-ին համոզել ֆինանսավորում տրամադրել:
ՀԲ ներկայացուցիչը հաստատել է, որ Հունաստանը կազմակերպությանը դիմել է:
«Հունաստանի կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ երկարաժամկետ գործազրկության կարգավորման նպատակով տեխնիկական եւ ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով»,- նշել է ՀԲ-ի ներկայացուցիչը:
Համաշխարհային բանկը Հունաստանին տեխնիկական խորհրդատվություն է տրամադրում 2012 թվականից:



























