Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ կտրականապես դեմ է Ռոտերդամում քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի իշխանությունների ծրագրերին: Հաագան մտադիր է առաջիկայում Անկարային տեղեկացնել համանման միջոցառումների վերաբերյալ իր դիրքորոշման մասին, որոնք կապված են Թուրքիայում նախագահական կառավարում մտցնելու հարցով առաջիկա հանրաքվեի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նիդեռլանդների տարածքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների քարոզչական ակցիաները, հոլանդացիների տեսակետից, չափազանց անցանկալի են:
Ավելի վաղ հոլանդացի թուրքերի ասոցիացիայի ղեկավարը հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի ժամանման մասին, որը եկել է Էրդողանին աջակցող հանրահավաքին մասնակցելու համար. այն նշանակված է մարտի 11-ին: Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ Թուրքիայի անձնագրեր ունեցող Նիդեռլանդների հարյուր հազարավոր բնակիչներ իրենց ձայնը կտան նախագահական հանրապետության օգտին: Հանրաքվեն պետք անցկացվի ապրիլի 16-ին:
Մարտի 2-ին եւ 3-ին Գերմանիայի 3 քաղաքների իշխանությունները թուրք նախարարին արգելել էին առաջիկա հանրաքվեից առաջ հանդես գալ Էրդողանի նախագահական հանրապետության օգտին քարոզչությամբ: Դրա հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Գերմանիայի դեսպանին, իսկ արդարադատության նախարարը չեղարկել էր գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումը:
Հանրաքվեի ժամանակ Թուրքիայի քաղաքացիները պետք է քվեարկեն ըստ խորհրդաևանի հաստատած սահմանադրական բարեփոխման: Փոփոխությանն աջակցելու դեպքում էականորեն կընդլայնվեն նախագահի պաշտոնում Էրդողանի լիազորությունները, որն ավանդաբար ներկայացուցչական գործառույթներ է կատարել: Մասնավորապես նա կարող է արտակարգ իրավիճակ հայտարարել, նախարարների եւ բարձրաստիճան պետական պաշտոյաների նշանակել եւ խորհրդարանը ցրել: Դրանից բացի, Էրդողանը կարող է երկրի ղեկավարի պաշտոնում մնալ մինչեւ 2029 թվականը: Ըստ որում՝ նա միաժամանակ կլինի նաեւ կառավարության ղեկավարը, իսկ վարչապետի պաշտոնը կվերացվի 2019 թվականին:
Սահմանադրական փոփոխություններին Թուրքիայի խորհրդարանն աջակցել է հունվարի 21-ին: Ընդդիմությունը բարեփոխումն անվանել է ավտոկրատական ռեժիմին պաշտոնական անցում եւ գոյություն ունեցող բռնապետության օրինականացման փորձ:



























