Գերմանիայի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Զիգմար Գաբրիելն ու Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 8–ին կհանդիպեն Բեռլինում ու կքննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղիները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Շեֆերի խոսքով՝ Գաբրիելն ու Չավուշօլուն նախօրեին երեկոյան հեռախոսով քննարկել են Էրդողանի արտահայտությունները։ «Այդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է այն, ինչ ասվել է Անկարայի ու Ստամբուլի կողմից Բեռլինի հասցեին։ Երկու նախարարները խոսել են բանակցային ալիքները չպայթեցնելու եւ ավելի հանգիստ փուլի անցնելու մասին։ Դա է այս չորեքշաբթի օրը կայանալիք բանակցությունների նպատակը», —ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Իր հերթին Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը հայտնել է, որ անցյալ հանգստյան օրերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Բանակցությունների բովանդակությունը չի բարձրաձայնվել, սակայն նշվել է, որ խոսքը գերմանա–թուրքական հարաբերությունների մասին է։
Նշենք, որ Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի՝ Ստամբուլում ձերբակալությունից հետո։



























