Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի վարորդի որդու եւ ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետաքննություն է կատարվում։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Արտաշատի ՀՀԿ գրասենյակի հարեւանությամբ ՀՀԿ թեկնածուների մերձավորների միջեւ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին նաեւ կրակոցներ։ Ոստիկանությունը մասնակիցներին բերման էր ենթարկել։ Այսօր տեղեկացանք, որ նրանք ազատության մեջ են։ Թե ովքեր են բերման ենթարկվել, ոստիկանությունից չեն հայտնում։ Միայն հայտնել էին, որ կուսակցական հարցերի շուրջ չեն վիճել, այլ միջանձնային հարցերի։
Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վարորդի որդին բերման ենթարկվածների թվում չի եղել, ավելին նա է հարձակման թիրախը եղել։



























