Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը երկրի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել՝ կապված Փհենյանի՝ Մալայզիայի քաղաքացիներին Հյուսիսային Կորեայից դուրս գալն արգելելու հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եմ գումարել»,-իր հայտարարությունում նշել է Ռազակը։
Նա կոչ է արել «հյուսիսկորեական իշխանություններին անհապաղ թույլ տալ մեր քաղաքացիներին լքել երկիրը՝ հետագա սրացումից խուսափելու համար»՝ Հյուսիսային Կորեայի գործողություններն անվանելով «զազրելի», իսկ ԿԺԴՀ–ում գտնվող Մալայզիայի քաղաքացիներին՝ «պատանդներ»։
Վարչապետի խոսքով՝ ԿԺԴՀ տվյալ գործողությունները «միջազգային իրավունքի եւ դիվանագիտական նորմերի նկատմամբ անարգանք են» հանդիսանում։
Ռազակի խոսքով՝ ինքը եւս ոստիկանապետին հրամայել է երկրից դուրս չթողնել ԿԺԴՀ քաղաքացիներին, քանի դեռ Մալայզիան «վստահ չի լինի Հյուսիսային Կորեայում մալայզիացիների անվտանգության հարցում»։
Երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի ԱԳՆ–ն ժամանակավորապես փակել է Մալայզիայի քաղաքացիների ելքը երկրից այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվի Կուալա–Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության հարցի «կարգավորման արդարացի միջոցը» եւ չի երաշխավորվել հյուսիսկորեացի քաղաքացիների անվտանգությունը։ Նշվում է, որ ներկայումս ԿԺԴՀ–ում գտնվում է Մալայզիաի 9 քաղաքացի։



























