Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ներգրավմամբ զգալիորեն կբարձրանա համագործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակում: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համագործակցությունը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման  հավաքական ուժերի  հագեցման ծրագրի շրջանակներում:

Ներկայացնելով ՀՀ ԱԻՆ գործունեության ոլորտն ու տեխնիկական հագեցվածությունը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց նախարարության կարողությունները զարգացնելու և արդիականացնելու կարևորությունը. մասնավորապես՝ ծրագրի շրջանակներում նախարարության համալրումը հատուկ նշանակության միջոցներով ու տեխնիկայով:

ԱԻ նախարարը հյուրերին ներկայացրեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ կենտրոնի ներգրավմամբ զգալիորեն կբարձրանա համագործակցության արդյունավետությունը ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման  հավաքական ուժերի  հագեցման ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը: