ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Երեւանում «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրով նախատեսված տարածքի կառուցապատման նախագծերի մշակման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Քաղաքաշինության պետական կամիտեից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը, քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Կանայանը եւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Արտավազդ Թարխանյանը։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված ծրագրով Դալմայի այգիներին հարող տարածքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում եւ այլն) ներկայացնող ցուցասրահներով:

Ծրագրին նախորդել են Կոմիտեի ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ եւ այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ, ընդ որում նախատեսվող տարածքի կառուցապատման էսքիզային լուծումները մշակվել են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից՝ ուսանողների մասնակցությամբ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները նույնպես իրականացվելու են համալսարանի ուժերով:

Ներդրումային ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը: