Խորհրդարանական ընտրությունը թափուր աշխատատեղի մրցույթ է: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Դավիթաշեն վարչական շրջանում քարոզարշավի շրջանակներում հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց երկրում փոփոխությունների մեխանիզմը. «Էս երկրում մի բան անելու մեխանիզմը հետեւյալն է. դուք քվեարկում եք, մեզ իրավունք եք տալիս բան անելու, մենք էդ բանն անում ենք: Պետությունը տեր ունի՝ ժողովուրդն է, եւ ժողովուրդը պետք է լիազորի, ասի՝ քեզ թույլ եմ տալիս իրականացնել քո ծրագրերը: Ես կարո՞ղ եմ մտնել ձեր տուն ու ամենալավ ռեմոնտը անել, չեմ կարող, մինչեւ ինձ թույլ չտաք:
Խորհրդարանական ընտրությունը թափուր աշխատատեղի մրցույթ է: Պետությունը, ժողովուրդը հայտարարում են՝ ես 101 թափուր աշխատատեղ ունեմ: Քաղաքական ուժերը գալիս են, ներկայանում են, դուք նայում ենք նրանց խոսքին, գործին, կենսագրությանը եւ որոշում, թե ում ծառայությունն եք ուզում»:
Անդրադառնալով ընտրակաշառքների դեմ պայքարին, Փաշինյանն ասաց. «Բնակչության երեւի 60 տոկոսը գիտի, որ իրենց դուռը ծեծել ու ընտրակաշառք են առաջարկել, բայց մեկը չկա, որ գա տեսախցիկների առջեւ կանգնի հայտարարի, որ այսինչ օրը, այսինչ ժամին էս մարդը եկավ: Բա մենք ոնց պայքարենք: Տվեք կոնկրետ փաստ, ես երաշխավորում եմ, որ էդ կաշառք առաջարկողը կդատվի:



























