Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գոհունակություն է հայտնել իր դեռեւս ոչ երկար կառավարման օրոք կնոջ հասարակական դերի ուժեղացմամբ: Նա Twitter-ի իր էջում հայտնել է, որ Կանանց միջազգային օրվա առիթով իր նստավայրում ընդունելություն կկայանա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախ եմ այսօր Դաունինգ սթրիթում կանանց եւ տղամարդկանց ընդունելություն կազմակերպել՝ նշելու Կանանց միջազգային օրը»,- հայտնել է վարչապետը՝ հավելելով, որ հպարտ է այն առաջընթացով, որը ներկայումս ձեռք է բերվել. «Ավելի մեծ թվով կանայք են աշխատում խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդների կազմում, ավելի մեծ թվով կանայք են նախագահում խորհրդարանում եւ ավելի քան երբեւէ ավելի մեծ թվով կանայք աշխատանք ունեն»:
Թերեզա Մեյը բրիտանական պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է Մարգարեթ Թետչերից հետո, որը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-90 թվականներին: Մեյն իշխանության է ղեկին է գրեթե 8 ամիս: Նա վարչապետի պաշտոնը ստանձնել է անցյալ տարվա հուլիսի 13-ին Դեւիդ Քեմերոնի հրաժարականից հետո, որը չի կարողացել իր քաղաքացիներին համոզել համազգային հանրաքվեում քվեարկել ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության օգտին:



























