Բժշկական մասնագիտական կրթություն ունեցող Կարինե Հովհաննիսյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ հորը սխալ ներարկում կատարելու հետեւանքով նրան անզգուշությամբ մահ պատճառելու համար։ Նման դատավճիռ է կայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարինե Հովհաննիսյանը հորը ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին լիցքավորել է նաեւ հոր ներկայացմամբ եւ պահանջով բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ։ Կարինեն այն ներարկել է հորը։ Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ այդ լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տղամարդը մահացել է:
Կարինե Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով։




























