Ընտրություններում ամենեւին պետք չէր տարածքային ընտրական ցուցակներով քվեարկությունը: Մարտի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը  Հայաստանի Կոմունիստական կուսակցության համապետական ընտրական ցուցակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում:

Նրա խոսքով՝ ընտրություններն անհրաժեշտ էր անցկացնել միայն համապետական համամասնական ցուցակներով: «Ժողովուրդը պետք է միայն կուսակցություններին ընտրեր, այլ ոչ թե ցանկության դեպքում նաեւ անհատներին, քանի որ արդեն այսօր անառողջ մրցակցություն է ծավալվել հանրապետության բոլոր 13 ընտրական տարածքներում: Բայց մենք հույս ունենք, որ նրանք, ովքեր գնահատում են մեր անցած ճանապարհը եւ այսօրվա իրատեսական ծրագրերը, մեզ կընտրեն: Մեզ կընտրեն մեր նախընտրական ծրագրի համաձայն»,- ընդգծեց Սաֆարյանը: