Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան կարող է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ, եթե իրեն թույլ չտան մտնել երկիր՝ հանրահավաքին մասնակցելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Չավուշօղլուն մտադիր էր մարտի 11-ին մասնակցել Ռոթերդամում հանրահավաքի, որպեսզի երկքաղաքացիություն ունեցող նիդեռլանդցիներին համոզի աջակցել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին։ Ռոթերդամի քաղաքապետ Ահմեդ Աբուտալեբը հայտնել էր, որ հանրահավաքը չի կայանա , քանի որ այն տարածքի սեփականատերը, որտեղ ծրագրված էր հանրահավաքը, թույլատվություն չի տվել։

Իսկ Չավուշօղլուն CNN Turk–ին տված հարցազրույցում շեշտել է, որ չնայած Նիդեռլանդների արգելքին՝ ինքը մտադիր է մեկնել Ռոթերդամ։

«Եթե Նիդեռլանդները չեղարկեն իմ թռիչքի թույլատվությունը, մենք հսկայական պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նա։

Ընդ որում Ռոթերդամի քաղաքապետն ասել է, որ նիդեռլանդական իշխանությունները արգելում են ընդամենը Չավուշօղլուի մասնակցությունը քարոզչությանը, այլ ոչ թե նրա մուտքը երկիր։