Լոռու մարզի ամբողջ փրկարարական եւ հրշեջ տեխնիկան վերազինվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Լոռու մարզ այցելության ժամանակ նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Տոնոյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները եւ ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:

«Ծանոթանալով հագեցվածության, հանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալ: Մարզային եւ համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից»,-ասաց նախարար Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու եւ վերահագեցվելու է ամբողջ փրկարարական եւ հրշեջ տեխնիկան:

Նախարարն այցելեց նաեւ Լոռու մարզային փրկարարական վարչություն եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Կ. Հովհաննիսյանը նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին՝ նախարարից ստանալով մի շարք հանձնարարականներ:

ԱԻ նախարարը եղավ նաեւ Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների եւ Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում: