Ես հիմա գտնվում եմ Վանաձորի այն ամենախոցելի հատվածում, որտեղ ոչ մի պաշտոնյա երես չունի գա, կանգնի ու խոսա ձեզ հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Վանաձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ բնակիչներին հուզող խնդիրները կլուծվեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն կազմեն ոչ իշխանական ուժերը:
«Ես երես ունեմ այնքանով, որ Ազգային ժողովում մի շարք անգամներ թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հարցով դիմել եմ»,-Վանաձորի Բանգլադեշ թաղամասի տնակային ավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:
«Ես եկել եմ այստեղ ձեզ ասելու, որ հինգ տարի հավատարմորեն վանաձորցու շահը, ովքեր որ ընտրել էին ինձ, ես պաշտպանել եմ: Ունեցել եմ մեկ մանդատ, այդ մեկ մանդատով ինչ կարողացել, արել եմ ու հպարտորեն ձեր ձայնը հնչեցրել եմ այնտեղ: Այլ բան է, որ այդ խնդիրը չի լուծվել: Նույն ձեւի այս տնակային ավանը մնացել է, որովհետեւ ինքը բարդ, բազմաշերտ խնդիր է, որի մասին շատ ենք խոսել»,-նշեց նա:
Մարուքյանը բնակիչների հետ խոսեց նոր ընտրական կարգով ընտրությունների անցկացման մասին, նշելով, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ինքը հանդես է գալու «Ելք» դաշինքի կազմում: «Երեք ուժերի միությամբ ստեղծված դաշինքը փորձելու է մարտահրավեր նետել իշխող կուսակցությանը: Եթե դուք ուզում եք, որ ձեր ձայնը հնչեցնող լինի նաեւ այսուհետ, կարող եք վերընտրել ինձ: Ձեր ձայնը տալով «Ելք» դաշինքին, դուք հնարավորություն կունենաք խորհրդարանում ունենալ ոչ թե մեկ, այլ տասնյակ պատգամավորներ: Միայն այդ դեպքում մենք կարող ենք այս տնակային ավանի, Գյումրիի տնակային ավանների եւ ընդհանրապես Հայաստանում ծառացած խնդիրների լուծման ճանապարհը բռնել, փոփոխությունների ճանապարհը բռնել»,-իր ելույթում նշեց պատգամավորի թեկնածուն:
ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ելք» դաշիքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Դարպաս համայնքի բնակիչների հետ: Այստեղ էլ լսել է բնակիչներին հուզող խնդիրների մասին, հայտնել, որ դրանք կլուծվեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն կազմեն ոչ իշխանական ուժերը:
.png)



























