Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի գրասենյակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում գնահատել է Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայեի հետ կապված միջադեպը՝ նրա գործողություններն «անպատասխանատու» որակելով, փոխանցում է DW-ն:
Նիդեռլանդների իշխանությունները հիշեցրել են, որ հաղորդակցվել են Անկարայի հետ եւ քանիցս նրա ուշադրությունը հրավիրել, որ «թագավորության հասարակական կարգը եւ անվտանգությունը չպետք է վտանգի ենթարկել»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքները Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի մուտքը Նիդեռլանդներ արգելելուց հետո «պատասխան միջոցառումների» մասին, փաստորեն, «անհնար են դարձրել ստեղծված իրավիճակից ելքի եւ լարվածության թուլացման համար խելամիտ որոշման որոնումը», ընդգծված է փաստաթղթում: Նիդեռլանդները զգուշացրել է, որ Ֆաթմա Քայեի ժամանումն «անցանկալի» է: «Այդուհանդերձ, նա որոշել է այցը կատարել»,- արձանագրել են գրասենյակից:
Ռոտերդամ նախարարի ժամանումից հետո, որտեղ տեղակայված է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, նրան «բոլոր հնարավորությունները տրամադրվել են» քաղաքը լքելու համար: Նիդեռլանդական կողմի տեղեկություններով՝ դիվանագիտական առաքելությունում եւս նրա առաջարկել են նման քայլի դիմել: Որոշումը, որ թուրք քաղաքական գործչին կուղեկցեն Գերմանիա, ընդունվել է «երկկողմանի խորհրդակցություններից հետո»: «Նիդեռլանդները հավատարիմ է Թուրքիայի հետ երկխոսությանը»,- ընդգծել են վարչապետի գրասենյակից:
Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբն, իր հերթին, խիստ է արձագանքել Էրդողանի խոսքին, որը տեղական իշխանություններին անվանել էր «ֆաշիստների եւ նացիստների» ժառանգորդներ: Նա Թուրքիայի նախագահին հիշեցրել է, որ քաղաքապետի պաշտոն է զբաղեցնում «այն երկրում, որը նացիստները ռմբակոծել են»:
Թուրքիայի իշխանությունները Նիդեռլանդներին պատասխան միջոցառումներով էին սպառնացել: Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անընդունելի էր համարել Թուրքիայի կառավարության անդամների նկատմամբ Նիդեռլանդների վերաբերմունքը:
«Մեր, այսպես կոչված, եվրոպացի բարեկամները, որոնք ամեն առիթով ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին են խոսում, ներկայիս իրադրության լույսի ներքո ստուգումը չանցան»,- հայտարարել է վարչապետը: Նա նաեւ ընդգծել է, որ նման միջադեպերը Թուրքիայի կօգնեն հասկանալ, թե ով է իսկական բարեկամ, ով՝ ոչ: Միաժամանակ նա Գերմանիայի եւ Նիդեռլանդների թուրք համայնքներին հանդարտություն պահպանելու կոչ է արել:



























