Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվածներն Արարատի մարզում «իրար փոր են թափում»: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Սա աննորմալ ընտրակարգ է, ձեր մարզից միայն 10 հոգի պետք է մրցի միայն մեկ կուսակցությունից: Մի կարգ են մտցրել, որ մենակ էս անգամ կօգտագործեն ու կհանեն, իրանք էլ տակից դուրս չեն գալիս, իրանց է հարվածելու այս մեխանիզմը: Մեր դաշինքը մարզերում ընտրել է թեկնածուներ, որոնք իրար կողքի կանգնած են ու բոլորն էլ ասում են՝ ում ուզում ես ընտրի, ձայնը գնում է Հայ ազգային կոնգրեսին, ձայնը գնում է խաղաղությանը: Հանրապետականներն ու մյուսներն իրար փոր են թափում հենց ձեր մարզում, թշնամություն են տարածում, ծեծկռտուք, դանակ, ապտակ, հլա կրակոցին էլ կհասնի, սպասեք»,- ասել է Արամ Մանուկյանը:
Նշենք, որ Արարատի մարզում իրավիճակը սրվել էր դեռեւս քարոզարշավից օրեր առաջ: Մի քանի օրում այս մարզում տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, դանակահարություն, մի դեպքում նույնիսկ կրակոցներ էին հնչել: Հիմնական լարվածությունը Հանրապետական Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ է:



























