Հայաստանում ցանկալի փոփոխությունների հիմքը «Ելք»-ն է: Այդ մասին այսօր՝ մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
Նախընտրական հանդիպումները թեկնածուն սկսեց Սպիտակի կենտրոնական թաղամասում, այնուհետ եղավ նաև քաղաքի ծայրամասային հատվածներում:
Մարուքյանը քաղաքացիներին ներկայացավ «Ելք» դաշինքի անունից՝ նշելով, որ ցանկալի փոփոխությունների հիմքը «Ելք»-ն է:
Տարածաշրջանի գյուղական համայնքներում Մարուքյանին առավել մարդաշատ հանդիպումներ էին սպասվում: Ջրաշենի բնակիչները թեկնածուին նախ ներկայացրին համայնքային խնդիրները, ապա նաև պահանջեցին՝ տեր կանգնել իրենց տված քվեին: Է. Մարուքյանը վստահեցրեց՝ ցանկացած քվե հասնում է հասցեատիրոջը, պարզապես պետք է չփոշիացնել դրանք:
«Այսօր Հայաստանը դարձել է շերեփուկ պետություն, որն ունի մեծ գլուխ ու փոքր թերզարգացած մարմին: Ես ու Նիկոլ Փաշինյանը 5 տարի խորհրդարանում պայքարել ենք Հայաստանի համաչափ զարգացման համար: Հիմա մենք ասում ենք, երբ մենք գանք իշխանության, բյուջեի միջոցները, դոտացիաների համակարգը վերանալու միջոցով պետք է այնպես բաշխենք միջոցները, որ համայնքները զարգանան»,- նշեց Է. Մարուքյանը:
Լեռնավան համայնքում «Ելք»-ի ներկայացուցիչներին անհամբեր էին սպասում: Գյուղի կենտրոնում հավաքված բազմությունը Մարուքյանից խնդրեց տեր կանգնել իրենց իրավունքներին: Գյուղացիները մատնանշում էին գյուղապետարանի հարակից տարածքը, որտեղ ցանկանում են համայնքապետարանի շենք և ակումբ կառուցել, բայց նախկին համայնքապետն ու գյուղի մեծահարուստներից ոմանք այդ տարածքներում ապօրինի շինություններ են կառուցել: Խնդրով համայնքի բնակիչները տարբեր ատյաններ են դիմել: Ասում են՝ գնալու են մինչև վերջ, որ վերականգնվի իրենց իրավունքը:
«Ես ձեզ խնդրում եմ, ձեր մի ձայնը ոչ մի բանի դիմաց չզիջեք, տվեք գաղափարական, ծրագրային, ռեալ գործ անող մարդկանց»,- նշեց Մարուքյանը:
.jpg)





























