Երեւանի Շենգավիթ համայնքում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով դատաքննությունը կսկսվի նորից, քանի որ դատավորը փոխվել է:
NEWS.am-ին գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանը հայտնեց, որ դատավոր Մարդանյանը տեղաոխվել է այլ դատարան:
«Նոր դատավորի է գործը մակագրվելու, դատաքննությունն էլ վերսկսելու է»,- ասաց փաստաբանը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է դատարանի նախագահ Դավիթ Բալայանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել եւ պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:
Շահինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել 2016թ. սեպտեմբերին: Նա կալանավորված է։




























