Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում մարտի 2-ին դպրոցականների թունավորման պատճառը սնունդը չի եղել: Այս մասին NEWS.am-ին վստահեցրեց դպրոցի տնօրեն Գառնիկ Մարինյանը:
«Ճաշարանի հետ ոչ մի կապ չունի, իրավապահներն էլ են դա ասում: Միգուցե արեւից է եղել, այդ օրն արեւ էր, կամ մրսելուց կարող է լինել, բայց որ սննդային թունավորում չի եղել, փաստ է»,- ասաց միջնակարգ դպրոցվի տնօրենը:
Գառնիկ Մարինյանի խոսքով՝ մարտի 14-ից դպրոցի ճաշարանն ամենայն հավանականությամբ կսկսի գործել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մարտի 2-ին ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 6 աշակերտի ինքազգացողությունը վատացել է, և տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց մոտ ախտորոշվել է «Սննդային թունավորում»:
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում հիշյալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանված ճաշացանկով մատակարել են հաց և բրնձով ապուր, ինչն ուտելուց հետո 6 աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք ժամեր անց՝ ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի նշված 6 աշակերտները ճանաչվել են տուժող, իսկ նրանց ծնողները՝ որպես անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչներ:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշված դպրոցի ճաշարանից վերցվել են բրնձով ապուրի, տոմատի մածուկի, բրնձի և հացի նմուշներ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաններ:




























