Եթե Սարի թաղում կատարվածի համար Լեռնիկ Երանոսյանին պատասխանատվության կանչեին, այսօր այս դեպքը չէր լինի։ Այդ մասին Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի ուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Ջրառատի դեպքերի մասին:

«Սարի թաղում ձեռքին նռնակը նկարի հրապարակվելուց հետո Լեռնիկ Երանոսյանը միայն աշխատանքից հեռացվեց։ Բայց պարզվեց, որ հասարակությունից գաղտնի նորից ընդունվել է ուժային կառույցներ, մի քանի օր առաջ զինված հարձակում էր արել մեր համակրի տան վրա։ Բարեբախտաբար, այդ ժամանակ մեր երիտասարդները կարողացել են չեզոքացնել զինված հարձակումը, զնեքը ձեռքից վերցրել են՝ կրակել էր, բայց վիրավոր չէր եղել։ Իսկ այսօր արդեն իրադարձությունները զարգացան ու հասան կրակոցի, մարդ է վիրավորվել»,- ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, եթե Սարի թաղում «Լեռնիկ Երանոսյանին պատասխանատվության կանչեին ապօրինաբար զնեք օգտագործելու համար՝ զենքը կարող է օրինական է եղել, բաց օգտագործելն է ապօրինություն, այսօր այս դեպքը չէր լինի»։

«Եթե նա եւ իր եղբայրը՝ Լեւոն Երանոսյանը Սարի թաղի դեպքերի համար պատժվեին եւ  ոչ թե պարգեւատրվեին, ինչպես Սերժ Սարգսյանը Նոր տարվա շեմին պարգեւատրեց, մենք այսօր այս իրավիճակին չէինք լինի, այս միջադեպը չէինք ունենա։ Դրա համար այն պայքարը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք եւ որի պատճառով մեր քաղաքացիները արտագաղթում են,  հենց անարդարության պատճառով ենք մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը արտագաղթում, որովհետեւ հստակ գիտեն, որ ՀՀ–ում սոցիալ տնտեսական խնդիրները բացառապես անարդարության պատճառով են։ Հակառակ դեպքում ՀՀ–ից հեռանալով՝ հայն արագությամբ իր սոցիալ–տնտեսական խնդիրները չէր լուծի՝ որտեղ էլ որ լիներ՝ կապ չունի, թե աշխարհի որ ծայրում»,- նշել է Մարտիրոսյանը։