Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո ապրիլի 2-ին առաջին անգամ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում:

«Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ եւ սահմանադրորեն պաշտպանված դերակատարման, առավել թափանցիկ եւ արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորմանը:

Նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է, եւ միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները խոսում են այն մասին, որ ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ»,- նշել է նա:

Ըստ Սարգսյանի, հայտնի է, որ կայուն զարգացումն անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է:

«Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձեւավորել ճկուն տնտեսական համակարգ: Որպես օրինակ բերեմ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը, որը վերջին տարիներին դարձել է մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Մեր ՀՆԱ կառուցվածքում այդ ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4 տոկոս, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ:

Մեր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել կառավարման որակը, երկրի ներդրումային գրավչությունը, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը»,- արձանագրել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է օտարերկրյա ներդրումների ներգրավման հետեւողական քաղաքականությունը: «Հայաստանի ներդրումային համեմատական առավելություններից մեկն այն է, որ մեր երկիրն ունի արտոնյալ առեւտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում Հայաստանն օգտվում է արտոնյալ առեւտրային ռեժիմներից, այսպես կոչված՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերից (GSP), իսկ ԵՄ երկրների հետ՝ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից (GSP+):

Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում զբոսաշրջության զարգացմանը: Փետրվարի 23-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Համոզված եմ, որ դա ամենադրական ազդեցությունը կունենա Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճի վրա: Բայց այդ պայմանավորվածությունն ինքնին ունի ավելի կարեւոր նշանակություն՝ արտահայտելով մեր երկրների միջեւ վստահության բարձր մակարդակը:

Հայաստանի տնտեսական զարգացումը մենք տեսնում ենք տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ակտիվ ներգրավվածության միջոցով: Այս համատեքստում առանձնակի կարեւոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ-ին: Չնայած բոլոր տնտեսական դժվարություններին` դրական ձեռքբերումներն ակնհայտ են: Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամուր հենքի շնորհիվ հաջողվել է զգալիորեն մեղմել գլոբալ արտաքին տնտեսական զարգացումների բացասական հետեւանքները, որոնք անդամ երկրների համար առավել զգալի կլինեին ԵԱՏՄ ներքին շուկայի բացակայության պարագայում: Մեր անդամակցությունը Միությանը հնարավորություն տվեց մուտք գործել մեծ՝ գրեթե 180-միլիոնանոց շուկա, իսկ դա մեծածավալ շուկա է Հայաստանի համար, որը մենք հաջողությամբ յուրացնում ենք:

Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ: Ինտենսիվորեն քննարկվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Դա, անկասկած, նպաստում է միջազգային ասպարեզում ԵԱՏՄ-ի հնարավորությունների ընդլայմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը: