Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է տարբերակել օրինապահ հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել եւս 16 տնտեսվարողի:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Փետրվարի 22-ից մինչեւ մարտի 14-ը հավաստագրի ստացման համար դիմած եւս 22 հարկ վճարողների դիմումները գտնվում են ուսումնասիրության ընթացքում:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում:

Արտասահմանյան կազմակերպություններին ծրագրավորման ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կարեւորում է ՊԵԿ-ի կողմից օրինապահ հարկ վճարողներին առանձնահատուկ ուշադրության ցուցաբերումը. «Միջազգային շուկայում բիզնես գործունեություն ծավալելիս մեծ դեր ունի գործընկերոջ հեղինակությունը: Հետեւաբար հավաստագրի առկայությունը դրական կանդրադառնա հայաստանյան ընկերության նկատմամբ վստահության մեծացման եւ բիզնես հարաբերությունները կայուն հեռանկարի համար կառուցելու գործում»:

Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրեն Աննա Պետրոսյանի դիտարկմամբ, գնահատված լինելը մեծ առավելություն է. «Հավաստագրի հանձնումը մեկ անգամ եւս փաստեց, որ օրինապահությունը խրախուսվում է մեր երկրում, եւ պարտավորեցնում հետագայում եւս օրենքով առաջնորդվել»: Հաշվապահական կենտրոնի գործադիր տնօրեն Լիլիթ Շահնազարյանի կարծիքով, իրենց ընկերությունը, միջանկյալ օղակ լինելով պետության եւ բիզնեսի միջեւ, հավաստագիր ստանալով օրինակ է ծառայում գործընկեր կազմակերպությունների համար. «Նրանք մեծ ոգեւորությամբ սպասում են՝ երբ ենք իրենց դիմումները ներկայացնելու կոմիտե, որպեսզի ստանան իրենց օրինավոր գործելաոճը հավաստող փաստաթուղթ: Ակնհայտ է, որ հարկ վճարելը պատվաբեր է, հատկապես, երբ գնահատվում է պետության կողմից»: Լիլիթ Շահնազարյանի համոզմամբ, օրինապահ տնտեսվարողի գործելաոճը վարակիչ է լինելու:

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1. «ՆԱՆԻԿՈ»

2. «ԽԱՅԱԹ ՔՈՄՓԱՆԻ»

3. «ԵՎՐՈՄԵԴ»

4. Ա/Ձ ՎՐԵԺ ՂԱԶԱՐՅԱՆ

5. «ՍՏԱՆԴԱՐՏՍԵՐՎԻՍ»

6. «ԵՎՐՈՏՐԱՆՍ»

7. «ԵՎՐՈ ԱՅԹԻ»

8. «ՎՐՈ»

9. «ՎԵՆԿՈՆ»

10. «ԱԼՏ ԴԻԶԱՅՆ»

11. Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՄԱԴՈՅԱՆ

12. «ԷԼ ՖՈՐ» ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

13. «Գ ԸՆԴ ԷԼ ԿԱՊԻՏԱԼ»

14. «ԳՏԳՏԻԿ»

15. «ՍՈՖԹՀԵՆՋ»

16. «ԱՐԻԴԵՍ»