Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին:
Նա պահանջել է «միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության եւ լարվածության գործունեության  հարցում»:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիեւի կողմից ոտնձգությունների եւ բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների եւ Երեւանի նկատմամբ Ալիեւի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարեւանների նկատմամբ  տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են եւ հերյուրանքների տպավորություն են թողնում:

Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական` պատմական եւ լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան` պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանության եւ պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ եւ գտնում ենք, որ, յուրացնելով հարեւան երկրների պատմությունը եւ այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն /ի դեմս Նախիջեւանի հազարամյա խաչքարների եւ այլ մշակույթային կոթողների ոչնչացմանը/, Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլեւ իրանական Ադրբեջանի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների մոտ: Կարծում ենք Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու եւ խաղաղությունն ապահովելու համար:

Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր` ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտություն, որի համար հայտնում ենք նախապես մեր խորին շնորհակալությունները»: