Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի ղեկավարները հայտարարություն են հրապարակել՝ հերքելով նախագահ Դոնալդ Թրամփի պնդումն այն մասին, թե Օբամայի վարչակազմը 2016թ. նախընտրական արշավի ժամանակ գաղտնալսել է իր հեռախոսները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը միացել է օրենսդիրների այն մեծաթիվ խմբին, ովքեր պնդում են, թե որեւէ գաղտնալսում տեղի չի ունեցել:
«Հիմնվելով մեր ունեցած տեղեկատվության վրա՝ մենք ԱՄՆ կառավարության ցանկացած միավորի կողմից «Թրամփ թաուեր» երկնաքերի՝ գաղտնալսման օբյեկտ լինելու մասին ոչ մի ցուցում չենք նկատել ո՛չ մինչեւ 2016 թվականի ընտրությունները, ո՛չ էլ դրանից հետո»,- ասվում է Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ, հանրապետական Ռիչարդ Բերի եւ դեմոկրատ Մարկ Ուորների հայտարարության մեջ:
Ռայանը նաեւ ասել է, որ գաղտնալսման որեւէ ապացույց չկա: «Խնդիրն այն է, որ հետախուզության հարցերով կոմիտեները, Ռուսաստանի հետ կապված շարունակվող եւ ընդլայնվող հետաքննությունների շրջանակում, հստակեցրել են իրավիճակը, եւ ամեն դեպքում, այսօրվա տվյալներով, եկել են եզրահանգման, որ նման գաղտնալսում չի եղել»,- լրագրողներին ասել է խոսնակը:




























