«Վեոլիա» ընկերությունը՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ հավակնոտ նպատակներ ունի՝ առաջիկա 15 տարիներին Հայաստանում ապահովել պատշաճ մակարդակի ջրամատակարարում. մինչ այս մեր ունեցած համագործակցության փորձը գոհացնող եւ հուսադրող է եղել՝ ֆրանսիական կողմի համար: Այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Արեւելյան Եվրոպայի գծով փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին:

ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նրա՝ ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքներում ծագած խնդիրները հաղթահարելու ընթացքում կողմերի ցուցաբերած ճկունությունը եւ ՋՏՊԿ ցուցաբերած  օպերատիվությունն ու պատասխանատվությունը հույս են ներշնչում, որ համագործակցության հաջորդ փուլերում եւս անլուծելի խնդիրներ չեն առաջանա:

ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին եւ նշել, որ համագործակցության հիմքում  պետք է դրված լինի հանրային շահի գաղափարը.

«Ես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին մեր բնակչությունը կզգա ջրամատակարարման եւ սպասարկման որակի զգալի առաջընթաց, 24-ժամյա ջրամատակարարման տարածքը կմեծանա: Կարծում եմ, որ ընթացիկ խնդիրների լուծման եւ բնակիչների բողոքներին ու առաջարկներին հնարավորինս արագ եւ սպառիչ լուծումներ տալու համար հարկ կա աշխատանքային համատեղ խումբ ձեւավորել՝ խուսափելու համար ժամանակի անհարկի կորստից»,- ասել է Ա. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ ՀՀ խմելու ջրի համակարգի միասնական վարձակալ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության տեխնիկական աուդիտորի ընտրության հարցը. «Մեզ համար շատ կարեւոր է անկախ աուդիտորի ընտրության հարցը, քանի որ նրանց ներկայացրած արդյունքների հիման վրա էլ կատարվելու են մեր գործունեության հնարավոր փոփոխությունները եւ շտկումները»,- նշել է Մալիկա Գենդուրին:

ՋՏՊԿ նախագահը տեղեկացրել է հյուրերին, որ աուդիտորի ընտրության մրցութային ընթացակարգը եզրափակիչ փուլ է մտել, կարճ ցուցակում հայտնված ընկերությունների ցանկը քննարկվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հետ՝ հնարավոր շահերի բախումից խուսափելու եւ առավելագույն թափանցիկություն ապահովելու համար: