Լոռու մարզում 5 նոր նախակրթարան է կառուցվում: Այս մասին նշվել է մարտի 19-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Լոռու մարզ այցելության ժամանակ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարան, որը շահագործման է հանձնվելու ընթացիկ ամսվա 29-ին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել նախակրթարանով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այն հագեցվել է անհրաժեշտ գույքով եւ պարագաներով: Ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներդրել է շուրջ 1 մլն դոլար: Լոռու մարզում կառուցվում է նմանատիպ հինգ նախակրթարան:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ, իսկ ծննդատան մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ներդնելով 1 մլրդ 200 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարեւորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը եւ բնակչությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը:




























