ՌԴ Ստրունինո քաղաքում փոքրիկ մթերային խանութի սեփականատեր Մամուդ Շավերշյանն աղքատներին անվճար հաց է բաժանում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: «Ձրիակերները», սակայն, փորձել են բողոքել դատախազություն` նրան սեւամորթ անվանելով ու խոստանալով բանտ նստեցնել: Ըստ նրանց` քիչ է տալիս:
«Ո՞վ է մեզ հաց տալիս: Պուտինը, ուրիշ էլ ո՞վ,- խիստ տղամարդը վաճառողուհուն է տալիս թղթի կտորը` ««Էրիկ» մթերային խանութ եւ «Մեկ բոքոն եւ սեւի կեսը տալու կտրոն: Մարտ» մակագրությամբ ու ստանում պահանջածը: Նախագահը կարգադրել է, որ ընչազուրկներին, թոշակառուներին եւ հաշմանդամներին օգնություն ցուցաբերեն: Ահա եւ ցուցաբերում են: Բայց այս առեւտրականները խորամանկ են: Հավաքվել են Ռուսաստանում եւ կերակրվում են մեր հաշվին»:
Վաճառողուհի Գալինա Լին ձեռքը թափ է տալիս` ուշադրություն մի դարձրեք, այստեղ սովոր են դժգոհներին: Արդեն մոտ ութ տարի այս խանութում օգնում են կարիքավորներին, ամսական յուրաքանչյուրին 10 «հացի կտրոն» են տալիս, եւ մինչ օրս քաղաքացիները չեն հասկանում` ո՞վ եւ ինչո՞ւ է դա անում: Քչերը գիտեն, որ մոտ երկու հազար բոքոն եւ մոտ հազար «սեւ հաց» ամսական բաժանում է միեւնույն մարդը` հայազգի Մամուդ Շավերշյանը` այդ փոքրիկ խանութի սեփականատերը:
Մամուդը վստահ է, որ գլխավորն օգնությունն է քեզանից վատ ապրողներին: Մամուդի տան պատին կախված է նրա պապիկի դիմանկարը, ով Մեծ Հայրենական պատերազմի վետերան էր: Նրա` «Ամեն օր օգնիր մարդկանց, տարեկան 365 բարի գործ կստացվի» պատգամին Մամուդը հետեւում է:
Մամուդը Հայաստանից Ռուսաստան է եկել մոտ 25 տարի առաջ: Նախ աշխատել է որպես ինժեներ, ապա բիզնեսով զբաղվել: Երբ խանութը բացել է, տեսել է, թե ինչպես են ծերերը դրամարկղի մոտ հաշվում մետաղադրամները: Այստեղից էլ` հացի անվճար կտրոնների մասին մտահղացումը: Սկզբում կտրոններ են տվել միայն թոշակառուներին: Հետո սկսել են դիմել հաշմանդամները, բազմազավակ ընտանիքները: Այժմ օգնության համար գալիս են նույնիսկ հարեւան գյուղերից:
Հարեւան մանկապարտեզին գործարարը չորաբլիթներ եւ թխբածքաբլիթ է առաքում, հաց տալիս եկեղեցու համար, Հայաստանում արդեն մի քանի տարի հոգում է այն դպրոցի ծախսերը, որտեղ սովորել է: Ընկերները կարծում են, որ այդ կերպ նա հարգում է պապիկի հիշատակը, մրցակիցներն էլ փսփսում են, որ փորձում է ինչ-ինչ մեղքեր քավել, ինչ-որ մեկը նույնիսկ կասկածում է, որ Շավերշյանին դա անել ստիպում են քաղաքային իշխանությունները: Սակայն, ամեն դեպքում, Ստրունինոյի մոտ 200 բնակիչներ ցամաք հացի մասին կարող են չմտածել:
Մամուդը մշտապես բողոքներ է ստացել: Ամեն օր խանութ են բերում մի քանի տասնյակ անվճար բողոն: Լինում է` տատիկներն ընդհանրապես չեն գալիս հաց վերցնելու, իսկ լինում է՝ վաղ առավոտից գալիս են եւ մի քանի ժամում ամեն ինչ տանում: Այդ դեպքում նրանք, ովքեր չեն հաջողացրել կտրոն վերցնել, կարող են սկանդալ բարձրացնել եւ «վաղը գալու» մասին հորդորները նրանց վրա չեն ազդում: Խանութի սեփականտիրոջ մասին ցանկանում են բողոք գրել դատախազություն, դիմել նախագահի վարչակազմ:
Վաճառողուհին ասում է՝ օգնություն ստացողների միայն տասը տոկոսն է շնորհակալություն հայտնում: Վերջերս չորս տատիկ խանութին մի նկար են նվիրել, որում Աստված է պատկերված:
Մի անգամ Մամուդի կինը` Ռոզան, ասել է նրան. «Մամուդ, ինչո՞ւ ես առհասարակ գումար ու նյարդեր ծախսում, չէ՞ որ քեզ միայն անիծում են այդ հացի համար», իսկ հետո տեսել է, թե ինչպես է խանութում ինչ-որ ծերունի մոտեցել ու փորձել համբուրել իր ամուսնու ձեռքը, իսկ վերջինը վախեցած այն հետ է քաշել. «Հայրիկ, ի՞նչ ես անում»: Այդ ժամանակ Ռոզան լաց է եղել եւ խնդրել. «Մամուդ, խնդրում եմ, հանուն ինձ, հնարավորություն գտիր կտրոնների ցուցակում ներառելու եւս 50 մարդու»:

































