Մարտի 21-ին, Երեւանում, Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դեւինը եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը եւ Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ առեւտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Համաձայնագիրը Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարեւոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմք կստեղծի տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի եւ ԵՄ- Հայաստան հետագա համագործակցության հիմքում: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաեւ կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը եւ շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առեւտրի եւ ներդրումների բնագավառում, եւ դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարեւանության վերանայված քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին եւ Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասվում է համատեղ հաղորդագրության մեջ: