Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականից, երբ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր եւ զարգացում» գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել ջրի համաշխարհային օր:
1993թ. փետրվարի 22-ին արդեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձեւը երկրներին առաջարկում է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, եւ յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որեւէ կոնկրետ թեմայի՝ ընթացիկ կամ ապագա գլոբալ մարտահրավերներին համապատասխան:
2003թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի №A/RES/58/217 որոշմամբ 2006-2015թթ. հայտարարվել էր «Կենաց ջուր» գործողությունների միջազգային տասնամյակ, իսկ 2016 թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացում-2030» օրակարգում ներառված 17 նպատակները, որոնցից 6-րդը ամբողջությամբ վերաբերում է ջրային ռեսուրսներին:
Ջրի համաշխարհային օրը համակարգվում է ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցի կողմից, եւ ամեն տարի, ՄԱԿ-ի ստորաբաժանումներից որեւէ մեկը նշանակվում է «Ջրի համաշխարհային օրվա» միջոցառման համակարգող եւ պատասխանատու է առաջարկված նոր թեմայի աջակցության համար:
Ջրի համաշխարհային օրվա անցկացման հիմնական նպատակներն են.
• խթանել բնակչությանը խմելու ջրով մատակարարման խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունումը.
• տեղեկացնել հասարակությանը քաղցրահամ ջրային ռեսուրսների եւ ընդհանրապես ջրային ռեսուրսների պահպանման եւ կարեւորության մասին.
• Ջրի համաշխարհային օրվա տոնակատարությանը ներգրավել կառավարություններին, միջազգային եւ հասարակական կազմակերպություններին ու մասնավոր հատվածին:
Մարտի 22-ը բացառիկ հնարավորություն է հիշեցնել մարդկությանը շրջակա միջավայրի եւ հասարակության զարգացման համար ջրային ռեսուրսների կարեւոր նշանակության մասին, բնական այն ռեսուրսի մասին, որը մեր ողջ կլյանքն է եւ մեր գոյության միջոցը: Մենք բոլորս պետք է հիշենք, որ ջրային ռեսուրսները անսահմանափակ չեն եւ մեր առողջությունն ու կյանքն ուղղակիորեն կախված են դրա քանակից եւ որակից:
2017թ. Ջրի համաշխարհային օրվա թեման հոսքաջրերն են, իսկ կարգախոսը` «Ինչու՞ վատնել ջուրը»:
Նպատակն է` հոսքաջրերի ծավալների կրճատումը եւ վերաօգտագործումը:
2009 թ. սկսած ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունն ակտիվ մասնակցում է Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին, թողարկում համապատասխան տեղեկագրեր, պաստառներ ու բուկլետներ՝ նվիրված այդ տարվա կարգախոսին, որոնք ապահովում են որոշումներ կայացնողներին, շահագրգիռ կողմերին եւ հանրությանը ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությամբ, քանի որ մակերեւութային ջրային ռեսուրսների քանակական գնահատումը, մոնիտորինգը եւ կանխատեսումը Հիդրոմետ ծառայության հիմնական գործառույթներից են:
Ողջ պատմության ընթացքում մարդիկ պայքարել են ջրի հետ եւ ջրի համար: Մաքուր ջուրը մարդկության գլոբալ հիմնախնդիր է. ուստի, նշելով Ջրի օրը, մենք պետք է հիշենք դրա մասին ու պահպանենք մեր ջրային ռեսուրսները:




























