Հայաստանի պետական պարտատոմսերի հանդեպ վստահությունն աճում է, այդ պատճառով նվազում են դրանց տոկոսային ծախսերը: Մարտի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ մեկ տարում Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերության միջին տոկոսադրույքը նվազել է 14-ից մինչեւ 9,6 տոկոս: Հետեւաբար՝ ներդրողները պատրաստ են այն գնել նաեւ պակաս եկամտաբերությամբ, նշեց նա:

Նախարարը նախկինում հայտարարել է, որ նվազել է նաեւ Հայաստանի ինքնավար արժութային (դոլարային) պարտատոմսերի եկամտաբերությունը: Առաջին թողարկման պարտատոմսերը, որոնք թողարկվել են 2013 թվականի սեպտեմբերին՝ 6,25 տոկոս եկամտաբերությամբ, 2016-ի վերջին արժեւորվել են 5,4 տոկոսով: Իսկ 2015-ի մարտին 2-րդ թողարկման պարտատոմսերը թողարկվել են 7,15 տոկոսով, բայց 2016-ի վերջին վաճառվել են 6,4 տոկոսով: