Բրիտանական ոստիկանությունը Բիրմինգեմ քաղաքում ձերբակալություններ է իրականացրել՝ չորեքշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, հաղորդում է Sky News հեռուստաալիքը։

Անցյալ գիշեր իրավապահ ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղից վարձույթով վերցրել են ավտոմեքենան, որը գործածվել է բրիտնական մայրաքաղաքում ահաբեկչության ժամանակ։

Daily Express պարբերականի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ շրջափակել են Բիրմինգեմի հարավ-արեւմուտքում գտնվող Հագլի փողոցը։ Ոստիկանությունը քաղաքի բնակիչներին խորհուրդ է տալիս չհայտնվել տվյալ շրջանում։

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին եղել է ահաբեկիչը, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում՝ երեք ոստիկանի՝ Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջի վրա։ Վարորդն ավտոմեքենան թողել է բրիտնական խորհրդարանի շենքի մոտ, ապա դանակով հարձակվել ոստիկանի վրա ու փորձել խորհրդարան ներթափանցել։ Միջադեպի հետեւանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, 40 հոգի տուժել է։