Economist պարբերականի կողմից հրապարակված զեկույցի հիմնական նպատակը իշխանությանը եւ մասնավորապես Սերժ Սարգսյանին ու նրա վարած տնտեսական քաղաքականությունը պաշտպանելն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԱԿ տնտեսական հանցերի հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը:
Անդրադառնալով հեղինակավոր պարբերականում Հայաստանի տնտեսական կյանքին վերաբերող վերլուծություններին, թե «նույնիսկ 2009 թվականի տնտեսական անկումը էականորեն չթուլացրեց նախագահ Սարգսյանի դիրքերը, որ տեսական ակտիվության հեռանկարները 2011 -2012 թվականներին բարելավման միտում ունեն` արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման եւ տեղական պահանջարկի ավելացման հաշվին, ինչը կպակասեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը», ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե չի կիսում այդ գնահատականները: «Իրականում 2010 թիվը կանխատեսվածից ավելի վատ տարի է, քան կա, եւ դա երեւում է նույնիսկ իշխանությունների պաշտոնական հրապարակումներից: Եւ չի կարելի կիսել այն գնահատականը, թե 2011 թվականին, կախված արտաքին տնտեսական միջավայրի փոփոխություններից, դրական փոփոխություններ կլինեն նաեւ Հայաստանում: Ես այս գնահատականին համաձայն չեմ, քանի որ Հայաստանի տնտեսական կյանքում 2011 թվականին դրական միտումներ չեն կարող լինել, հաշվի առնելով այն, որ ամբողջ տնտեսական համակարգը փոխել է պետք: Եթե նման հեղինակավոր կառույցում նստած մարդիկ նման վերլուծություններ են անում եւ դա հաշվի չեն առնում, ապա նրանք այլ նպատակներով են իրենց հաշվետվությունները գրում: Ցավում եմ, որ նման հեղինակավոր կառույցը նման մակերեսային գնահատականներ է տալիս»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Զեկույցում խոսվում է նաեւ այն մասին, որ «ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի եւ կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու»: Մինչդեռ հայտնի է, որ ՀԱԿ տարբեր հանձնաժողովների կողմից տարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր են ներկայացվել: Դրանցից մեկն էլ տնտեսական ոլորտին վերաբերող «100 քայլ»-ն է: Economist-ն անտեսե՞լ է այդ ծրագրերը հարցին՝ Խաչատրյանը պատասխանեց. «Դրա տակ ես միայն քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, որով փորձում են շփոթեցնել միջազգային հանրությանը, հաշվի առնելով, որ այդ կառույցի վերլուծությանը կծանոթանա միջազգային հանրությունը: Չտեսնել ՀԱԿ-ի արած աշխատանքը՝ նշանակում է կատարել կոնկրտ քաղաքական պատվեր: Այդ է պատճառը, որ զեկույցում խոսվում է նաեւ հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելու մասին: Այնպես որ, Economist-ի զեկույցի նպատակը ցույց տալն է, որ Սերժ Սարգսյանի կառավարությանն այլընտրանք չկա»:
Վահագն Խաչատրյանը հիշեցրեց նաեւ, որ «100 քայլը» ներկայացվել է Եվրամիության անդամ երկրների դեսպաններին եւ ծրագրի շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել: Այնպես որ, միջազգային հանրությունը իրազեկ է ՀԱԿ գործունեության արդյունքներին:





























