Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկում երեկ՝ մարտի 23-ին, դանակահարություն է տեղի ունեցել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանությունը նման ահազանգ է ստացել շտապօգնության ենթակայանից: Ահազանգի համաձայն՝  մարտի 23-ին ժամը 10:25-ին շտապօգնության խումբը Հարավարևմտյան Բ2 թաղամասի դպրոցներից մեկի մոտից դանակահարված վիճակում «Սուրբ աստվածամայր» ԲԿ է տեղափոխել մի  աշակերտի»,- ասաց նա:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  նույն օրը ժամը 08:35-ին դպրոցներից մեկի հետնամասում  վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է  11-րդ դասարանի աշակերտի: Ոստիկանությունն արդեն պարզել է դանակահարողի ինքնությունը: Նա  նույնպես աշակերտ  է եւ արդեն ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: