ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները միաձայն աջակցել են ահաբեկիչներից եւ ռազմական հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ բանաձեւի նախագծին: Խորհրդի նիստին ելույթ ունեցած ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան բանաձեւը «պատմական» է անվանել:

Մալիում, Աֆղանստանում, Իրաքում կամ Սիրիայում մշակութային արժեքների ապօրինի վաճառքը ծայրահեղականների եկամտի աղբյուրներից մեկն է: Ընդունված բանաձեւով պատժամիջոցներ են նախատեսվում այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ահաբեկիչների հետ արժեքների առեւտրին, նաեւ այս երեւույթի դեմ պայքարելու այլ միջոցառումներ: «Բռնի ծայրահեղականությանն անհնար է միայն զենքով հաղթել: Խաղաղության կառուցման համար պահանջվում են նաեւ մշակույթը, կրթությունը, ժառանգության պահպանումը եւ այն ապագա սերունդներին փոխանցելը: Ահա սա է պատմական բանաձեւի գլխավոր ուղերձը»,- ընդգծել է Բոկովան:

«ՅՈւՆԵՍԿՕ-ն, Ինտերպոլը, ՄԱԿ-ի թմրամոլության եւ հանցավորության հարցերով վարչությունը, մաքսային ծառայությունները, մասնավոր հատվածը եւ թանգարանները խորացնում են համագործակցությունը եւ հետագա գործողությունների համակարգումը»,- հայտարարել է Բոկովան: Նա հավելել է, որ 2015 թվականին ՄԱԿ ԱԽ-ի Իրաքում եւ Սիրիայում մշակութային արժեքների առեւտուրն արգելող 2199 բանաձեւի ընդունման պահից ի վեր ջանքեր են գործադրվում մշակութային արժեքների ապօրինի վաճառքի միջոցով ահաբեկիչների ֆինանսավորման ուղիները փակելու համար: